«ՉԻ» հրապարակումը կատարյալ անհեթեթություն է. Վահան Բաբայան
«Տվյալ հրապարակումը կատարյալ անհեթեթություն է, նման խնդիր չկա: Այս ամենը արհեստականորեն շրջանառվող լուրեր են»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ, համանուն խմբակցության անդամ Վահան Բաբայանը: Նշենք, որ այսօր «Չորրորդ իշխանությունը» գրել էր, որ ԲՀԿ-ում ներկուսակցական նոր խմորումներ են սկսվել։ «ՉԻ» աղբյուրների պնդմամբ, մի խումբ ԲՀԿ-ականներ, մասնավորապես, Վահան Բաբայանը, Միքայել Մելքումյանն ու գործարար թևը փորձում են ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին պաշտոնանկ անելու ցործընթաց իրականացնել. երեկվանից նրանք ԲՀԿ տարածքային տարբեր կառույցներում այս թեմայով հանդիպումների շարք են սկսել՝ փորձելով կուսակցության ղեկավարի դեմ ստորագրահավաք սկսել: Ըստ թերթի՝ Նաիրա Զոհրաբյանից դժգոհության պատճառը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուց հրաժարվելու մասին ԲՀԿ վերջին որոշումն Է։ Մեզ հետ զրույցում պատգամավորը հստակեցրեց, որ կուսակցությունում ընդամենը եղել են տարաձայնություններ, տարբեր կարծիքներ իշխանության հետ համագործակլեու մասով: Դա երբեք էլ գաղտնիք չի եղել, մենք կողմ ենք արտահայտվել և դա ընդամենը խոսում է կուսակցության ներքին ժողովրդավարության մասին»,- ասաց Վ. Բաբայանն՝ ընդգծելով, թե ստորագրահավաքի մասին լուրերը կատարյալ անհեթեթություն են:
