Համահայկական սիմֆոնիկ նվագախմբի գաղափարն այլևս իրականություն է
«Համահայկական սիմֆոնիկ նվագախմբի գաղափարն այլևս իրականություն է.դա միասնության գաղափարն է՝ մեկ գաղափարի շուրջ համախմբելու մեր երաժիշտ հայրենակիցներին, որին և մենք հետամուտ էինք՝ այն հղանալիս: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանն այս ընթացքում բավականին լուրջ և ծանրակշիռ աշխատանք իրականացրեց՝ արդյունքում մենք ունեցանք այն, ինչ ունենք», – մամուլի ասուլիսին հայտարարեցին նախարար Արմեն Ամիրյանն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը: «Աշխատանքներն ընթացքի մեջ են և այսքան կարճ ժամանակահատվածում աշխարհի 19 երկրներից այսքան թվով հայերի մեկտեղումը շատ դժվար է, որովհետև նրանցից յուրաքանչյուրն ունեն իրենց ծրագրերը: Իհարկե, երբ նրանք ծանոթանում են գաղափարին, անմիջապես արձագանքում են: Հիմա մենք փորձում ենք առավել ինտենսիվ կերպով լուծենք մենակատարների հետ կապված խնդիրները, որովհետև նվագախմբի հետ կապված խնդիրները, մեծ իմաստով, լուծված են, արդյունքում՝ այսօրվա դրությամբ թվով 50 մասնակիցներ արդեն իսկ գրանցվել են՝ ցանկություն հայտնելով մասնակցություն ունենալու նոր ստեղծվող նվագախմբի գաղափարի իրականացմանը», - նկատում է Ռուզաննա Սիրունյանն ու շարունակում,- Արդեն հայտնի է՝ նվագախմբի համերգները ղեկավարելու են 3 դիրիժորներ՝ Էդուարդ Թոփչյանը, Կարեն Դուրգարյանն ու Սերգեյ Սմբատյանը: «Նվագախմբի համերգային ծրագիրը կազմված է բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից՝ Կոմիտասից՝ մինչև ժամանակակիցների ստեղծագործությունները: Նվագախումբը հնչեցնելու է հիմնականում արդեն եղած գործերը: Միակ ձևակերպված պատվերը եղել է իմ նախաձեռնությամբ՝ Մաեստրո Տիգրան Մանսուրյանին, 8-10 րոպե տևողությամբ մի ստեղծագործություն՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերին: Կարծում եմ՝ հենց այդ հերոսականությամբ էլ կարելի է եզրափակել ապրիլին նախատեսվող համերգները»,- ընդգծեց Արմեն Ամիրյանը:
