Արփինե Հովհաննիսյանը բացատրում է Սերժ Սարգսյանի հայտարարությունը
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր հայտարարեց, որ հնարավոր չէ շատ ընդլայնել պաշտոնյաներին փոխկապակցված անձանց շրջանակը. «Արդյոք մենք ունենք հնարավորություն մինչև վերջ փակել շղթան: Հիմա օգտագործում են դրածոների գաղափարը: Արդյոք տվյալ անձը պաշտոնատար անձի գույքը չի օգտագործում, այս ձևով ենք լուծում խնդիրը մինչև գլոբալ լուծում, օրինակ՝ Հայաստանի բոլոր քաղաքացիները հայտարարագիր կներկայացնեն»: Այնուհետև հարցադրում արեց, թե արդյոք դատավորները պետք է որոշակի պատասխանատվություն չկրեն. «Եթե դատավճռով ապացուցված է դատավորի մեղքը, պետությունը կարող է դատավորից հատուցում անել: Բայց, գործ ունենք դատավորի անկախության հետ: Մենք գիտենք քայլերի հաջորդականությունը, ամեն ինչ պետք է սկսել սկզբից»: Այնուհետև անդրադառնալով հուլիսի 29-ի դեպքից հետո Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ այն, որ լրագրողները պետք է մոռանան տեղի ունեցածը, Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ համամիտ է և կոռեկտ չի համարում խոսել նախագահի ասածի մասին, սակայն. «Ենթատեքստն այն էր, որ չնայած տեղի ունեցածին պետք է շարժվենք առաջ»: Խոսելով Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իրականացվող փոփոխությունների մասին, նշեց. «Հաջորդ տարվա հուլիսից ուժի մեջ կմտնի ապօրինի հարստացման քրեականացման օրենքը: Հետադարձ ուժի մասին շատ է խոսվում, պետք է ասեմ, որ 1995 թվականից ի վեր ՀՀ Սահմանադրությունը թույլ չի տալիս խստացված օրենքներին տալ հետադարձ ուժ»: Ըստ նրա՝ կոռուպցիայի դեմ պայքարը արդյունավետ կլինի, եթե համակարգային լուծումներ լինեն. «Հատվածային քայլերով առաջ չենք գնա: Քայլեր անում ենք, կստացվի՝ կգնահատեք, չի ստացվի՝ նորից գնահատական կտաք»:
