Մենք շատ լուրջ կասկածներ ունենք կառավարության պրոֆեսիոնալիզմի ու կոմպետենտության վրա. Կարեն Թամազյանը չբավարարեց
Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր քննարկվեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը ներկայացրեց, որ նախագծով առաջարկվում է ինտերնետային շահումով խաղերի պետական տուրքը հարյուր միլիոնի փոխարեն սահմանել հինգ հարյուր միլիոն դրամ: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ տեղից հայտարարեց, թե Թամազյանը նոր է նկատում, որ կար անհրաժեշտություն համապատասխանեցնել Հարկային օրենսգիրքը «Պետական տուրքի մասին» օրենքի հետ: «Մի քանի օր առաջ անցկացրինք արտահերթ նստաշրջան, որտեղ քննարկման դրվեցին բազմաթիվ օրենքների նախագծեր: Դա կարող էիք նախորդ նիստում անել, ինչո՞ւ եք այսքան ուշ այդ ամենը նկատում»,- ասաց նա: «Հիմա է հավանություն տրվել, դրա համար հիմա ենք ԱԺ ներկայացրել: Բավարարե՞ց ձեզ իմ պատասխանը»,- պատասկանեց Ֆինանսների փոխնախարարը: «Բայց դուք լավ պատասխանեցի՞ք, որ բավարարեր: Եթե դա է պատասխանը, ապա մենք շատ լուրջ կասկածներ ունենք կառավարության պրոֆեսիոնալիզմի ու կոմպետենտության վրա»,- արձագանքեց Լեւոն Զուրաբյանը:
