Հանրապետության եւ Շիրակի մարզի դատախազները քավոր-սանիկ դարձան
Դեկտեմբերի 17-ին հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորությամբ Գյումրիում են հավաքվել երկրի գրեթե բոլոր դատախազները:
«Ասպարեզին» հայտնի դարձավ, որ Գյումրիում հանդիպման առիթը եղել է Շիրակի մարզի 36-ամյա, նորանշանակ դատախազ Կարեն Գաբրիելյանի երեխաների մկրտության արարողությունը:
Կարեն Գաբրիելյանը, ով ծնունդով Շիրակի մարզից է, ընդամենը մի քանի ամիս առաջ է նշանակվել մարզի գլխավոր դատախազ: Ունի մեկական դուստր եւ ուստր:
Կարեն Գաբրիելյանի երեխաների մկրտության քավորը եղել է հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով եւս ծնունդով Շիրակի մարզից է: Նա նույնպես նորանշանակ է այս պաշտոնում: Քավորի ընտրությունը, հավանաբար, պայմանավորված է եղել նրանով, որ Արթուր Դավթյանը եւս ծնունդով Շիրակի մարզից է, Հոռոմ գյուղից: Նա նաեւ Կարեն Գաբրիելյանի համակուրսեցին է եղել:
Մկրտության արարողությունը տեղի է ունեցել Գյումրու Սբ.Աստվածածին եկեղեցում:
Մկրտությանը հաջորդած խնջույքը մինչեւ ուշ գիշեր շարունակվել է «Ոսկե բլուր» ռեստորանային համալիրում: Երկու հարյուր հիսուն հոգանոց հյուրերի թվում եղել են հանրապետության մարզերի եւ Երեւանի վարչական շրջանների բոլոր դատախազները, ոստիկանապետեր, քննչական ծառայության պետեր, գլխավոր դատախազության բարձրաստիճան պաշտոնյաներ:
Պատվավոր հյուրերի թվում է եղել նաեւ Շիրակի մարզի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը, ում միջնորդությամբ Կարեն Գաբրիելյանը Սյունիքի մարզի քննչական պետի պաշտոնից հրաժարվեց, ապա նշանակվեց մարզի դատախազ:
Նախագահականի ներկայացուցիչն էլ Ֆելիքս Ցոլակյանն է եղել: Նա նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության ղեկավարն է:
Հյուրերի ցանկում է եղել նաեւ Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: Միջոցառման հրավեր չի ստացել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Քավոր Արթուր Դավթյանը ներկա է եղել ընտանիքով` թիկնապահների ուղեկցությամբ:
