Թուրքական տեղեկատվությունը ամբողջությամբ կեղծ է. Տ.Բալայան
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել, որտեղ նշվում է. «Թուրքական տեղեկատվությունը, թե Վատիկանը, հետքայլ է կատարել Pontifex-ի ապրիլյան ուղերձից, ամբողջությամբ կեղծ է։ Տեղեկացնենք, որ Թուրքիան 10 ամիս տևած դադարից հետո որոշում է կայացրել, որ իրենց դեսպան Մեհմեթ Փաչաջըն կվերադառնա Վատիկան: Այդ որոշման մասին փետրվարի 3-ին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն: Պաշտոնական Անկարան Սուրբ Աթոռի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին որոշումն ընդունել է Վատիկանի կողմից հատուկ հայտարարության հրապարակումից մի քանի ժամ անց: Ինչպես նշում է Վատիկանի պաշտոնական կայքը` այդ հայտարարության մեջ Հռոմի կաթոլիկ եկեղեցին Հայոց ցեղասպանությունը որակում է որպես «1915 թվականի ողբերգական իրադարձություններ»: «Թուրքիայի ցանկությունը բոլոր շահագրգիռ կողմերի և հետազոտողների համար արխիվները բացելու նշանակալի և գնահատելի է: Նման քայլը հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ այն ցավն ու տառապանքը, որոնց միջով անցել են պատերազմական իրավիճակում, հակամարտության մեջ գտնվող մարդիկ` առանց տարբերակում դնելու նրանց ազգային կամ կրոնական պատկանելության մեջ: Դա վերաբերում է նաև 1915 թվականի ողբերգական իրադարձություններին», - ասվում է Վատիկանի տարածած հայտարարության մեջ:
