Լրագրողները բռնության են ենթարկվում ոչ միայն էքստրեմալ իրադարձությունների ժամանակ.Աշոտ Մելիքյան
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը լրագրողների հետ հանդիպմանը ,ամփոփելով 2016-ին լրագրողների աշխատանքը,շեշտեց,որ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտվել է Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ` եղավ և՛ բռնություն, և՛ աշխատանքային գործունեության խոչընդոտում:«Լրագրողները բռնության են ենթարկվում ոչ միայն էքստրեմալ իրադարձությունների ժամանակ: Ցավոք, միայն էքստրեմալ պայմաններում չէ, որ լրագրողը բռնության է ենթարկվում: Աժ-ի վերջին միջադեպը ցույց տվեց, որ ԱԺ-ի ներսում էլ լրագրողը կարող է ենթարկվել ճնշումների ու բռնության: Այս ամենը մեզ թույլ է տալիս մտածել, որ լրագրողները հետագայում էլ աշխատելու են շատ բարդ պայմաններում, որովհետև առջևում խորհրդարանական ընտրություններ են»,- նկատեց Աշոտ Մելիքյանը: «Լրագրողի նկատմամբ բռնություններ կարող են լինել նաև 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, քանի որ հայաստանյան որևէ ընտրության ժամանակ լրագրողների համար բարենպաստ պայմաններ չեն եղել: Այս անգամ կարող է ավելի բարդ լինել, քանի որ օրենսդրական դաշտը նույնպես բարենպաստ չէ: Նոր Ընտրական օրենսգրքի՝ լրագրողների գործունեությանը վերաբերող դրույթները բարենպաստ չեն»,- եզրափակեց նա:
