Ոստիկանությունն աչքի ընկավ նոր վայրագություններով. Աշոտ Մելիքյան
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն` ամփոփելով 2016 թվականի լրագրողական գործունեությունը հայտարարեց,որ 2016 թվականը չափազանց բարդ և լարված էր լրագրողների համար, քանի որ եղան բազմաթիվ ֆիզիկական բռնություններ, ճնշումներ, մասնագիտական գործունեության խոչընդոտումներ: «Լրագրողներն ու լրատվամիջոցները ծայրահեղ բարդ պայմաններում էին աշխատում նաև իրադարձությունների պատճառով` ապրիլյան պատերազմ, «Սասնա ծռեր» խմբավորման գործողություններ և այլն: Լրագրողների համար լուրջ մարտահրավեր էր քառօրյա պատերազմը, քանի որ սոցիալական ցանցերի պարագայում պատերազմական գործողություններ լուսաբանելը նոր երևույթ էր լրատվամիջոցների համար և փորձություն էր լրագրողների համար: Հուլիսին «Սասնա ծռեր» խմբի կողմից զինված հարձակման լուսաբանումը նույնպես մարտահրավեր էր, որովհետև դժվար էր հասկանալ` ինչպե՞ս լուսաբանել: Եթե ինչ-որ բան չի կարելի լուսաբանել, ապա ինչո՞ւ, եթե լուսաբանում ես, ապա ինչպե՞ս»,- ասաց նա: Այս տարի ոստիկանությունն աչքի ընկավ նոր վայրագություններով, ինչն, ըստ Մելիքյանի , գերազանցեց 2015 հունիսյան իրադարձութունները` Բաղրամյան պողոտայում «Էլեկտրիկ Երևան»-ի պայքարն` ընդդեմ լույսի թանկացման: Վերջինս նկատեց, որ ՊՊԾ գնդի գրավան լուսաբանման ժամանակ ոստիկանությունը նաև հատուկ միջոցներ կիրառեց: «Այս տարի ֆիզիկական բռնությունները լրագրողների նկատմամբ գերազանցեցին նախորդ տարին: Բնական է, որ այս պայմաններում լրագրողն ու լրատվամիջոցն ազատ գործել չեն կարող»,- ընդգծեց Մելիքյանը:
