1994 թվականից սկսած՝ Բաքուն ավելի քան 20 տարի խոչընդոտում է խաղաղ գործընթացին. Վիգեն Սարգսյան
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական Lenta կայքին, որում անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ համագործակցությանը։Հարցին, թե որքանով է հավանական Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը, Վ. Սարգսյանը պատասխանել է, որ «Ադրբեջանի հետ զինված հակամարտության վերսկսումը հնարավոր է»։ «1994թ. Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը եռակողմ ձևաչափով ստորագրել են կրակի դադարեցման մասին համաձայնագիր։ Ցավոք, 1994 թվականից սկսած՝ Բաքուն ավելի քան 20 տարի խոչընդոտում է խաղաղ գործընթացին, ավելին, հետևողական կերպով ձախողվում են միջազգային հանրության, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հակամարտության լուծման հնարավոր ուղիներ գտնելու փորձերը: Ընթացիկ տարվա ապրիլին Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական ավանտյուրա ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի դեմ, որը լիակատար ֆիասկո ունեցավ։ Մենք մեր աշխատանքը կառուցում ենք այն ենթադրության հիման վրա, որ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել»,- ասել է պաշտպանության նախարարը։
