«Պատերազմի վերսկսումը լրջագույն սպառնալիք կդառնա». Վիգեն Սարգսյանի հարցազրույցը՝ Lenta-ին
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը , պատասխանելով Lenta.ru կայքի լրագրողի այն հարցին, թե որքանով է հավանական տարածաշրջանում, մանավորապես Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը, պատասխանել է, որ «Ադրբեջանի հետ զինված հակամարտության վերսկսումը հնարավոր է»։Նշենք,որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական Lenta.ru կայքին,որում անդրադարձել է մի շարք կարևոր հարցերի, ներառյալ՝ Մոսկվայի և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներին։ «1994թ. Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը եռակողմ ձևաչափով ստորագրել են կրակի դադարեցման մասին համաձայնագիր։ Ցավոք, 1994 թվականից սկսած՝ Բաքուն ավելի քան 20 տարի խոչընդոտում է խաղաղ գործընթացին, ավելին, հետևողական կերպով ձախողվում են միջազգային հանրության, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հակամարտության լուծման հնարավոր ուղիներ գտնելու փորձերը: Ապրիլին Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական ավանտյուրա ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի դեմ, որը լիակատար ֆիասկո ունեցավ։ Մենք մեր աշխատանքը կառուցում ենք այն ենթադրության հիման վրա, որ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել:Միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանին և տարածաշրջանի երկրներին ձեռնտու չէ հակամարտության հնարավոր սրացումը»,- ասել է պաշտպանության նախարարը։ «Լինելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավոր՝ Երևանը ստիպված է լինելու ներգրավվել հակամարտության մեջ, եթե տա տեղի ունենա։ Հասկանալի է նաև, որ պատերազմի վերսկսումը լրջագույն սպառնալիք կդառնա ողջ Հարավային Կովկասի համար»,- հավելել է Վիգեն Սարգսյանը։
