Ծաղկաձորի «Ալպինա» հյուրանոցը մոլորեցնում է քաղաքացիներին
Տևական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթը հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից, որոնք դժգոհում են Ծաղկաձորի «Ալպինա» հյուրանոցի գործելաոճից: Բանն այն է, որ հյուրանոցային համալիրի պաշտոնական կայքէջում նորապսակներին վերաբերող «հատուկ առաջարկ» կա տեղադրված, ըստ որի, հյուրանոցը 3 օրով և 3-անգամյա սննդով սենյակ ամրագրելու դեպքում` ևս մեկ օր անվճար կտրամադրի: «Բայց երբ մարդիկ գայթակղվում ու զանգահարում են, պարզ է դառնում, որ հյուրանոցի տնօրինությունը պարզապես խաբում է քաղաքացիներին և մոլորեցնում նրանց: Հեռախոսով տեղեկացնում են, թե առաջարկը հատուկ չէ, և ակցիան ավարտվել է: Մինչդեռ կայքէջում այդ մասին ոչ մի տեղեկություն չկա, իսկ մոլորեցնող առաջարկը կայքէջից չի հանվել»: «Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել հյուրանոցի տնօրինության հետ, որտեղից թերթին անտարբեր տոնով հորդորել են «հանգիստ մնալ», քանի որ իրենք բոլոր հետաքրքրվողներին զանգով մանրամասն բացատրում են, որ անվճար սենյակ չեն կարող տրամադրել:
