Միհրան Պողոսյանը հերքում է, որ սպառնացել է բանան ներկրելու փորձ արած գործարարին
Նոյեմբերի 21-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հայտնել է՝ Ռուսաստանի դաշնությունից բանան ներկրելու փորձ կատարած գործարարը անհայտ անձանց կողմից ՀՀ տարածքում խոչընդոտների է բախվել, ավելի ուշ օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության վարչությունների աջակցությամբ նրան հաջողվել է իրականացնել ներկրում:
Ո՞վ էր այդ անհայտ անձը, մինչ օրս հստակ հայտնի չէ, գործով զբաղվում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
«Ժողովուրդ» օրաթերթին միջադեպից որոշ մանրամասներն են հայտնի դարձել: Ըստ այդմ, տնտեսվարողը հենց մաքսատանը «առեղծվածային» զանգ է ստացել` «եթե չես ուզում ինձ հետ խնդիրներ ունենալ, բանանը չպիտի շուկա մտնի. ինքնարժեքով կվաճառես ինձ»:
Զանգն, ըստ լուրերի, ստացվել է ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ, բանանի ներկրման մոնոպոլիստ համարվող Միհրան Պողոսյանից:
Վերջինս, սակայն, թերթի հետ զրույցում, մեկնաբանելով լուրը, ասել է.
«Ես, ճիշտն ասած, դրա մասով ճշտել եմ, և քաղաքացին հերքում է տվել: Դա փաստ է, իմ տեղեկությունները չեն»:
