Ռուսաստանը կասկածում է Թուրքիային
Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցող դեպքերը վկայում են Սիրիա Թուրքիայի ռազմական ներխուժման ինտենսիվ նախապատրաստության մասին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը. «Մենք լուրջ հիմքեր ունենք կասկածելու համար Թուրքիայի կողմից ինքնիշխան պետության՝ Սիրիայի տարածքում ռազմական ներխուժում իրականացնելու համար։ Մենք գնալով ավելի ու ավելի շատ ենք ֆիքսում Սիրիայի տարածքում ակտիվ գործողությունների դիմելու թուրքական զինված ուժերի քողարկված պատրաստության ցուցիչներ»։ Նրա խոսքերով՝ ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն տեսանյութեր է ցուցադրել, որոնցում երևում են, թե ինչպես են թուրքական ինքնագնաց հրանոթները հարվածներ հասցնում Լաթաքիայի հյուսիսում գտնվող բնակավայրերին։ Կոնաշենկովը զարմանք է հայտնել, որ Պենտագոնի, ՆԱՏՕ-ի ու Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության մասին շատ խոսել սիրող կազմակերպությունները լռություն են պահպանում այդ կապակցությամբ։
