Արմեն Ամիրյանը ստե՞լ է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթի դեկտեմբերի 7–ին տպագրված 22–րդ համարում անդրադարձել էինք ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի այն հայտարարությանը, թե ինքը ԱՄՆ–ի «գրին քարտ» ստանալու համար ոչ թե դիմում է ներկայացրել, այլ նրան տրամադրվել է՝ որոշակի ոլորտներում ծառայություններ մատուցելու համար: «Ոչ թե Միացյալ Նահանգների, այլ ընդհանրապես՝ համաշխարհային դաշտում. նկատի ունեմ հենց ռադիոդաշտում»,– ասել էր մշակույթի նախարարը: «Փաստը» գրավոր հարցում էր ուղարկել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, պարզելու, թե առանց տվյալ անձի կողմից դիմում ներկայացնելու ԱՄՆ–ի կառավարության կողմից «գրին քարտ» տրամադրվո՞ւմ կամ շնորհվո՞ւմ է, թե՝ ոչ: Սակայն, դիվանագիտական կորպուսի ուղարկած պատասխանն այնքան էլ հստակ չէր: «Փաստը» ստիպված էր կրկին նույն հարցն այլ շեշտադրումով ուղղել կառույցին: Երկրորդ անգամ ստացված ԱՄՆ դեսպանատան կողմից ներկայացված պաշտոնական պատասխանը ներկայացնում ենք առանց կրճատումների և մեկնաբանությունների: «Ներգաղթային վիզայի գործընթացը մեկնարկում է դիմումի ներկայացմամբ, որը կոչվում է միջնորդություն: Որոշ դեպքերում դա ներկայացվում է ընտանիքի անդամի կողմից, օրինակ՝ ԱՄՆ քաղաքացի ամուսնու/կնոջ կողմից, որոշ դեպքերում պոտենցիալ գործատուի կողմից՝ փաստարկմամբ, որ ԱՄՆ–ում չկան նմանատիպ որակավորում ունեցող մասնագետներ և որ օտարերկրացին ունի արժեքավոր հմտություններ: Որոշ դեպքերում, երբ այլ երկրի քաղաքացին մեծ ներդրումներ է կատարում ԱՄՆ–ում աշխատատեղեր ձևավորող ձեռնարկություններում կամ ունի բացառիկ հմտություններ, կարող է ինքն անձամբ դիմում ներկայացնել: Ներգաղթային վիզայի առանձին տեսակ «պետության համար պահանջված անձանց» համար չկա: Գիտության, արվեստի, բիզնեսի ոլորտում բացառիկ կարողությունների տեր մարդիկ, ովքեր ունեն սովորականից ավելի մեծ փորձառություն, կարող են ներկայացնել ներգաղթային վիզայի միջնորդություն՝ ի ցույց դնելով ոլորտում իրենց ունեցած դիրքը, ԱՄՆ գործատուի կողմից արված աշխատանքային առաջարկը կամ ներկայացնելով, թե իրենց բացառիկ հմտություններն ինչպես կնպաստեն ԱՄՆ ազգային շահերին: Ներգաղթային վիզայի բոլոր միջնորդություններով որոշումները կայացվում են ԱՄՆ քաղաքացիության ու ներգաղթի ծառայության կողմից՝ քննության առնելով ներկայացված փաստաթղթերը: Փաստաթղթերը քննության առնելուց հետո նշանակվում է հարցազրույց ԱՄՆ դեսպանատանը, որի ժամանակ դիմողը պետք է նաև փաստարկի, որ ներկայացված հանգամանքներից զատ, չկա որևէ այլ գործոն, որը կխոչընդոտի ներգաղթային վիզայի ստացմանը:
