«Պլատոնն իմ ընկերն է, սակայն ճշմարտությունն ավելի եմ գնահատում». Աշոտյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը, արձագանքելով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությանը, ասաց, որ պետք է մեջ բերի մի հայտնի ասացվածք: «Մամուլը երկար եփեց այս գործընթացը: Ցանկացած պարագայում ունենալով հարգանք նախկին նախարարի անցած ճանապարհի նկատմամբ, ունենալով մարդկային հարաբերությունների ջերմ պաշար՝ ուզում եմ հիշել հայտնի լատինական ասացվածքը՝ «Պլատոնն իմ ընկերն է, սակայն ճշմարտությունն ավելի եմ գնահատում»: ՀՀ բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն զբաղվելու քաղաքականությամբ»,- ասաց նա: Ինչ վերաբերում է մամուլում հնչող ձևակերպումներին, թե Սեյրան Օհանյանը հանդես է գալու ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի կամ Վիկտոր Դալլաքյանի հետ, նշեց. «Քաղաքականությունը ձգում է նախկին պաշտոնյաներին: Բայց կյանքը ցույց է տալիս, որ նրանք չեն կարողանում արձանագրել մեծ արդյունքներ, բայց քաղաքական արևի տակ կարողանում են ինչ-որ մի տեղ զբաղեցնել»:
