Անորոշությունը մնում է երկարաժամկետ հեռանկարում. Եվրահանձնաժողով
Եվրահանձնաժողովն իջեցրել է 2016 թվականին Brent նավթի միջին գնի գնահատականն ավելի քան 1/3-ով՝ մեկ բարելի դիմաց հասցնելով 35.8 դոլարի։ Աշնանը հրապարակված զեկույցում հեղինակները հայտնել էին 54.2 դոլար արժեքի մասին՝ հայտնում է BBC-ն։ 2017 թվականի կանխատեսումը նույնպես էականորեն իջեցվել է՝ 58.8 դոլարից հասցվելով 42.5 դոլարի։ «Անորոշությունը նավթի գնի տեխնիկական կանխատեսման շուրջ մնում է բարձր կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում՝ կապված աշխարհաքաղաքական լարվածության, նավթի մատակարարումների մեծացման հեռանկարների հետ, որոնք, ինչպես սպասվում է, կգան Իրանից հունվարի կեսերին պատժամիջոցների չեղարկումից հետո»,-ասվում է զեկույցում։
