Թևան Պողոսյանի հորդորը` փոխնախարարին
Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված` ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի օգոստոսի 16-ին ստորագրված` կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորման վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ պատգամավոր Թևան Պողոսյանը, դիմելով տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին, հորդորեց, որ հետևեն իրեն ելույթներին և նոր մոտեցմամբ վարկային պատմություններ ներկայացնեն: «Շատ հարցեր եղան քարտեզների, հաշվարկների, թվերի, նախկինում նորոգված, չնորոգվածների մասին: Այսօր արդեն այդ քարտեզները կան: Լավ կլինի, որ ի սկզբանե մեթոդաբանություն մշակվի վարկերի ներկայացման համար: Ինձ թվում է դա շատ կարևոր խնդիր է: Այլապես վստահությունը կորցնում են մեկ անգամ: Երկար տարիներ փորձում են վերականգնել, չի ստացվում: Մենք ունենք գաղափար, որ ճանապարհները վատ են, մենք դրան իսկապես հավատում ենք. այն, որ ճանապարհները վատն են, այստեղ այլ կարծիք չկա: Այն, որ ստանում ենք վարկեր, դրան էլ որևէ մեկը չի կասկածում. միջազգային կազմակերպությունները փորձում են օգնել, բայց միայն վստահում են մի բանի` առաջնորդվելով իրենց սեփական շահերով»,- ընդգծեց պատգամավորը: Նա համոզված է, որ ոչ ոք ուրիշի սիրուն աչքերի համար գումարներ չի տալիս, դրա համար հարց է առաջանում` վարկ վերցնելը լա՞վ է, թե՞ ավելի լավ է վարկ տվող լինել: «Բնականաբար, վարկ տալը լավ է: Ես վստահ եմ, որ իրենց շահերից ելնելով են մեզ վարկ տալիս»,- ասաց պատգամավորը:
