Կառավարությունը սայթակումներ է սկսել. Աղասի Արշակյան
ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը և տնտեսագետ Վարդան Բոստանջյանը այսօր Հայելի ակումբում խոսեցին վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությունից, Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալուց, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից: Այսպիսով՝ Վարդան Բոստանջյանի կարծիքով վարչապետի կատարած աշխատանքները դեպի դրականն են տանում:«Հասարակության մեջ բավականաչափ նկատելի է, որ դրական միտումներ կան, որ մեր երկիրը դուրս կգա ոչ ցանկալի վիճակից: Ի տարբերություն այլ որոշում կայացնողների՝ նոր կառավարությունն ախտորոշեց, որ երկրի վիճակը լավագույններից չէ: Իսկ ցանկացած խոստովանություն նշան է մի բանի, որ պատրաստակամություն կա ճիշտ ուղիով գնալու»,- ասաց նա: Այնուհետև Վարդան Բոստանջյանն, անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին, նշեց որ առաջին նախագահին դժվարությամբ է հասկանում. «Այս պահին ասում են լուծման ճանապարհներ, բայց ի՞նչ է նշանակում այդ լուծման ճանապարհը, հետ հանձնել ի՞նչը՝ արյո՞ւնը, մարդկա՞նց»: Սակայն Աղասի Արշակյանը չհամաձայնեց նրա հետ կապված կառավարության աշխատանքների հետ՝ նշելով, որ Կառավարությունը սայթակումներ է սկսել: «Դու հայտարարում ես պրիմիտիվ գողության մասին, բայց հետո նախարարը 4000 հազար եվրոյի փոխարեն 1700 եվրոյով է թռչում Եվրոպա: Դու չես անդրադառնոում դատախազի պոստերին, ուր սերնդեսերունդ է փոխանցվում պաշտոնը, բայց դու տեսնում ես դպրոցի ուսուցչին, մանկավարժի ընտանիքին ու դարձնում քննարկման առարկա: Ես ինչո՞ւ պետք է այդքանից հետո հավատամ կառավարությանն ու նրա հայրենասիրական մղումներին»,-ասաց նա:
