Հայաստանը`տարանցիկ ճանապարհ բեռնափոխադրումների համար
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպամնաը ասաց,որ 2016 թվականին փորձնական գործարկվել է Եվրոպայից Իրան Հայաստանի տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումների ծրագիրը: Այն բավականին հաջող ընթացք է ունեցել: «Նոյեմբեր ամսին փորձնական տարբերակով 2 կոնտեյներ Եվրոպայից տեղափոխվեց Փոթի, այնուհետեւ երկաթուղով Հայաստան` «Երասխ» կայարան, ապա ավտոտրանսպորտով ` Իրան: Կոնտեյներները Վրաստանի եւ Հայաստանի տարածքը հատեցին 38 ժամում: Արդյունքը գոհացնող է, կանոնավոր դառնալու դեպքում կմեծանա միջազգային փոխադրումների ծավալը»,- ասաց նախարարը: Վահան Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ շուտով կկազմակերպվի նաեւ Իրանից դեպի Եվրոպա այդպիսի փոխադրում եւ, հաջողությամբ ընթանալու դեպքում, Հայաստանը կդառնա տարանցիկ ճանապարհ բեռնափոխադրումների համար:
