Դաժանաբար սպանված Վահանի ընկերները ցանկացել են վրեժխինդիր լինել
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վանաձորում 27-ամյա Դավիթ Քոչարյանին սպանելու փորձի մեջ կասկածվողը հետախուզման մեջ է: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Վանաձորում գտնվող «Ֆուլ հաուս» կոչվող սրճարանի մոտ կրակոցներ էին հնչել, որի հետևանքով 27-ամյա Դավիթ Քոչարյանը՝ պարանոցի շրջանում ստացած հրազենային վիրավորումով տեղափոխվել էր հիվանդանոց: Նրա ուղղությամբ կրակելու և հրազենային վիրավորում պատճառելու մեջ կասկածվում է 35-ամյա Հովիկ Փիլոյանը, ով դեպքից հետո դիմել է փախուստի: Պարզվում է Փիլոյանը հանդիսանում է Վանաձորի պայթեցված «Վիպ մարկետ» խանութի սեփականատերերից մեկը, ով 2008թ. Դավիթ Քոչարյանի կողմից սպանված երիտասարդի ընկերն է։ «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ այս գործով տուժող ճանաչված Դավիթը դեռևս ուսանողական տարիներին մի երիտասարդի հետ՝ ում անունը Վահան է եղել, տարբեր առիթներով վիճաբանությունների մեջ է գտնվել եւ պարբերաբար նրա կողմից բռնության ենթարկվել։ Հերթական ծեծկռտուքից հետո Դավիթը որոշել է նրան սպանել: 2008 թվականի նոյեմբերի 14-ի առավոտյան նա իր հետ վերցրել է «ՄՌ-133» տեսակի 12 տրամաչափի լիցքավորված ինքնաձիգ ողորկափող հրացանը և պապի ավտոմեքենայով՝ հրացանը փորձարկելու նպատակով գնացել կրակելու: Վերադառնալով Դավիթ Քոչարյանն Աղայան փողոցում նկատել է ընկերների հետ կանգնած Վահանին ավտոմեքենայի միջից կրակել է նրա ուղղությամբ։ Վերջինս ընկել է, ինչից հետո Դավիթը մեքենայից դուրս է եկել և ևս երեք անգամ կրակել Վահանի մարմնի և գլխի ուղղությամբ, ինչի հետևանքով էլ նա մահացել է: Նախաքննության և դատաքննության ընթացքում Դավիթ Քոչարյանն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել: 2009թ. հունիսի 16-ի դատավճռով ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր ճանաչվելով Քոչարյանը դատապարտվել է 7 տարի ժամկետով ազատազրկման: Ըստ շրջանառվող վարկածի՝ տարիներ անց Վահանի ընկերները տեղեկանալով, որ նա բանտից դուրս է եկել, որոշել են վրեժխնդիր լինել իրենց ընկերոջ մահվան համար. ընդամեն վերջերս պատժի կրումից ազատ արձակված Դդավիթի նկատմամբ սպանության փորձ է կատարվել։
