Որևէ դրական տեղաշարժ չեմ տեսել. Վահագն Խաչատրյան
«ՀՀ կառավարության աշխատանքում դրական տեղաշարժ մինչև հիմա չեմ տեսել։ Ես չեմ ընդունում Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ներկայացրած ծրագիրը։ Դրանք արձանագրային կետեր էին ղեկավարի կողմից իր ենթականերին, թե ինչ պետք է անեն: Ընդհանուր ծրագիր, ռազմավարություն ես չեմ տեսնում, թեկուզև մտածել եմ, որ այդպիսի մի ծրագիր կներկայացվի ավելի ուշ: Ինչքան քայլեր, որ կատարվել են, մեր կյանքում էական փոփոխություններ չեն բերել», - ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կուսակցության երկրորդ համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ կառավարության աշխատանքին։ «ՀԱԿ-ը շատ ավելի շուտ էր առաջ քաշել այդ հարցը։ Այս պահին իշխանությունն առաջ քաշեց այդ թեզը՝ մշակելով իր նախընտրական քայլերը։Ես չգիտեմ, թե հետագայում, դա ինչպես կօգտագործվի, առավել ևս, որ մի կարևոր հանգամանք կար, որ այդ օրենքի հետադարձ կիրառման հարցը փակվեց, քանի որ Սահմանադրությունը դա թույլ չի տալիս: Ես այդ օրենքը համարում եմ կիսատ», - Խոսելով ապօրինի հարստացման քրեականացման օրինագծի մասին ասաց Վահագն Խաչատրյանը:
