Լևոն Տեր-Պետրոսյան. «Ազգ-բանակի» կառուցման ծրագիրը ձախորդ, չմտածված, վտանգավոր ծրագիր է
Թվում էր, թե 2008 թվականի տնտեսական ճգնաժամի դեռեւս չհաղթահարված հետեւանքները, արտագաղթի ահագնացող տեմպերը, վտանգավոր չափերի հասած պետական պարտքը, դրա հետ կապված դեֆոլտի սպառնալիքը եւ մանավանդ ապրիլյան պատերազմի առաջացրած ցնցումը սթափեցնող ազդեցություն կունենան Հայաստանի իշխանությունների վրա՝ նրանց ստիպելով արմատապես վերանայել Ղարաբաղի հարցում իրենց որդեգրած ապակառուցողական, աղետաբեր քաղաքականությունը, եւ նշված մարտահրավերները դիմագրավելու բոլորովին այլ ռազմավարություն մշակել։ Սակայն դատելով վարչախմբի արձագանքից, կարծես թե, այս հարցում էլ մեզ հիասթափություն է սպասում, քանի որ ակնկալված ռացիոնալ քայլերի փոխարեն, նա հրապարակ է նետել մի նոր անհեթեթ գաղափարախոսություն, որը կրկին մեզ դեպի փակուղի է առաջնորդում, դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով։ Խոսքը վերաբերում է «ազգ-բանակ» ձեւավորելու մտահղացմանը, որը ցավալիորեն տեղ է գտել անգամ նոր կառավարության ծրագրում։ Մի կողմ դնելով հարցի բարոյական կողմը, որը վերաբերում է որպես «ազգ-բանակի» կառուցման առաջին քայլը դիտվող նոր հարկատեսակի կիրառմանը, ես կանդրադառնամ միայն այդ հասկացության քաղաքական բովանդակությանը։
Դրա համար, սակայն, նախեւառաջ անհրաժեշտ է պարզել, թե իրականում ինչ է թաքնված տվյալ հասկացության տակ։ Ամազոնուհիներին չհաշված, պատմությանը հայտնի է «ազգ-բանակի» ստեղծման երեք հաջողված դեպք՝ առաջին երկուսը միջնադարյան Մոնղոլիայում եւ Շվեյցարիայում, իսկ երրորդը՝ ժամանակակից Իսրայելում, նկատի առնելով, անշուշտ, որ միջնադարի պարագայում «ազգ» բառն օգտագործվում է պայմանականորեն։ Երեւույթի մասին տարրական պատկերացում կազմելու համար, կարծում եմ, արժե թեկուզ համառոտակի անդրադառնալ նշված դեպքերից յուրաքանչյուրին։
XIII դարի սկզբին Չինգիզխանը, զենքի ուժով միավորելով միմյանց դեմ դարերով մարտնչած մոնղոլական տասնյակ ցեղերին, միջցեղային հարաբերությունների ավանդական համակարգը փոխարինեց բանակային կուռ կառուցվածքով։ Բոլոր տղամարդիկ զորակոչվեցին բանակ՝ հերթագայությամբ ծառայելով տասնյակներից, հարյուրյակներից, հազարյակներից ու տասհազարյակներից (թուման) կազմված նրա ստորաբաժանումներում։ Դա մի կողմից արթնացրեց մոնղոլների «ազգային» ընդհանրության գիտակցությունը, մյուս կողմից՝ հնարավորություն ընձեռեց ստեղծելու մի այնպիսի ահեղ զինական ուժ, որի շնորհիվ այդ փոքրաթիվ ժողովուրդը կարճ ժամանակի ընթացքում կերտեց աշխարհի ամենաընդարձակ ցամաքային կայսրությունը, տիրելով Խաղաղ օվկիանոսից մինչեւ Լեհաստան ու Անատոլիա ընկած եւ իրենից գրեթե 200 անգամ ավելի բնակչություն ունեցող տարածքին։ Այդ հսկայածավալ կայսրությունը, սակայն, գոյատեւեց ընդամենը հինգ-վեց տասնամյակ, Կուբիլայ Մեծ խանի մահվան տարում (1294թ.) բաժանվելով չորս մասի՝ նվաճումների դադարումից հետո մոնղոլների ռազմական էներգիայի սպառման, կայսրությունը միավորող գաղափարախոսություն ձեւավորելու անկարողության եւ գլխավորապես մոնղոլ ժողովրդի փոքրաքանակության պատճառով։
Ինչպես նշվեց, «ազգ-բանակի» ձեւավորման հաջորդ հաջողված փորձը շվեյցարականն է, որի դրդապատճառներն ու հետապնդած նպատակները, սակայն, տարբերվում են մոնղոլականից։ Եթե մոնղոլների պարագայում դա ուղղված էր իրենց նվաճողական նկրտումներին հագուրդ տալուն, ապա շվեյցարացիների մոտ թելադրված էր թշնամական միջավայրում սեփական երկրի գոյատեւումն ապահովելու պահանջից։ Գերմանա-ֆրանսա-իտալական խառը բնակչություն ունեցող ալպյան հովիտների ավատատիրական իշխանությունները շվեյցարական դաշնության ձեւավորման ավելի քան հինգհարյուր տարիների ընթացքում (1291–1815 թթ.), հարկադրված լինելով դիմագրավելու ահեղ հարեւանների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ավստրիայի շարունակական հարձակումները, ապավինել են բացառապես սեփական ուժերին եւ մարտունակ բանակի կերտումը դիտել որպես ազգային գերխնդիր։ Ու թեեւ վերջին 200 տարիներին Շվեյցարիան, օժտված լինելով չեզոք երկրի կարգավիճակով, արտաքին վտանգների չի ենթարկվել, եւ Եւրոպական մայրցամաքում տեղի ունեցած բոլոր, այդ թվում, առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմները շրջանցել են նրան, ավանդույթի ուժով, այսօր էլ բանակը մնում է շվեյցարացիների համազգային հոգածության առարկան, որում զորակոչվածի, պայմանագրային ծառայողի, կամավորի եւ պահեստազորայինի հանգամանքով ներգրավված են 18-ից 50 տարեկան բոլոր առողջ տղամարդիկ։ Պատահական չէ, որ ոմանց կողմից Շվեյցարիան, մեկ շնչին ընկնող զինվորականների թվով, համարվում է աշխարհի ամենառազմականացված պետությունը, որն ի վիճակի է, փայլուն պատրաստված պահեստազորի մոբիլիզացիայի շնորհիվ, մեկ-երկու օրում տասնապատկել իր զինված ուժերի թվաքանակը։
Քանի որ «ազգ-բանակ» գաղափարի հայ ջատագովներն ընդօրինակման առարկա են համարում իսրայելյան փորձը, հարկ է առաջանում դրան անդրադառնալ մի փոքր ավելի մանրամասնորեն։ «Ազգ-բանակի» իսրայելյան ծրագրի իրականացման դրդապատճառն, ըստ էության, չի տարբերվում շվեյցարականից, թելադրված լինելով թշնամական միջավայրում ժողովրդի անվտանգությունն ու պետության գոյատեւումն ապահովելու միեւնույն պարտադրանքից։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1947թ. նոյեմբերի 29-ի բանաձեւի հիման վրա Պաղեստինը բաժանվեց երկու հավասար մասի՝ տասնչորսհազարական քառակուսի կիլոմետր տարածքներով։ Իսրայելը ճանաչեց այդ բանաձեւը եւ Պաղեստինում բրիտանական մանդատի ժամկետի սպառման օրը, 1948թ. մայիսի 14-ին, հռչակեց իր անկախությունը։ Պաղեստինցի արաբներն ու արաբական երկրները հրաժարվեցին ենթարկվել ՄԱԿ-ի բանաձեւին եւ հաջորդ օրն իսկ պատերազմ հայտարարեցին Իսրայելին, սակայն ջախջախիչ պարտություն կրելով, հարկադրված զինադադար կնքեցին։ Այսպիսով, անխտիր բոլոր հարեւան արաբական պետություններից համակեցության մերժում ստանալով, Իսրայելն, իր գոյությունը պահպանելու համար, ստիպված եղավ բացառապես ապավինել սեփական ռազմական ուժին եւ հնարավորինս հզորացնել իր բանակը, ինչի շնորհիվ կարողացավ հաղթանակներ տանել նաեւ հետագա պատերազմներում։ Արաբա-իսրայելյան հակամարտության մթնոլորտն արմատապես բարելավվեց 1978–1979 թթ. Քեմփ-Դեվիդյան համաձայնագրերի ստորագրումից եւ Եգիպտոսի ու Հորդանանի հետ Իսրայելի կնքած հաշտության պայմանագրերի վավերացումից հետո։ Իսկ 1993 թվականին Իսրայելի պետությունը ճանաչվեց նաեւ Պաղեստինի Ազատագրության կազմակերպության (PLO) կողմից, ինչը սկիզբ դրեց Իսրայելա-Պաղեստինյան հաշտության գործընթացին, որը մինչ օրս դեռ չի ավարտվել։ Հարկ է ավելացնել, որ գոյապահպանության եւ երկրի անվտանգության ապահովման գլխավոր առաքելության իրականացումից բացի, իսրայելական բանակաշինության ծրագիրը կողմնակիորեն նպաստել է նաեւ ազգային մի քանի այլ խնդիրների լուծմանը, մասնավորապես, բազմաթիվ երկրներից ներգաղթած տարալեզու ու տարամշակույթ քաղաքացիների խայտաբղետ զանգվածից ընդհանուր լեզվով ու մշակույթով միասնացած ժամանակակից ազգի ձեւավորման, գիտության եւ տեխնիկական մտքի սրընթաց զարգացման, ինչպես նաեւ ռազմա-արդյունաբերական համալիրում ներդրվող նոր տեխնոլոգիաները տնտեսության զանազան ոլորտներում կիրառելու առումներով։ Իսրայելական զինված ուժերի առանձնահատուկ դերի արտահայտությունն է նաեւ այն, որ զինապարտությունը տարածվում է ոչ միայն տղամարդկանց, այլեւ կանանց վրա եւ, որ այդ երկրի վերջին վաթսուն տարիների ութ վարչապետերից երեքը (Ռաբին, Շարոն, Բարաք) եղել են գեներալներ, իսկ երկուսը (Բեգին, Շամիր)՝ երկրապահական «Իրգուն» կազմակերպության լեգենդար հրամանատարներ։
Ժամանակի սղությունը թույլ չի տալիս ավելի հիմնավորապես լուսաբանել «ազգ-բանակի» ստեղծման պատմական այս նախադեպերը եւ խորանալ դրանցից յուրաքանչյուրի բովանդակության առանձնահատկությունների, տնտեսական, ժողովրդագրական եւ հասարակական զարգացումների վրա նրանց ունեցած ազդեցության եւ այլ հարցերի մեջ։ Կարծում եմ, սակայն, որ այս թռուցիկ ակնարկն անգամ հստակ պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպիսի դրդապատճառներ ու գործոններ են ազդել նման գաղափարի հղացման վրա, եւ որքան ռեսուրսներ են պահանջվել դրա իրականացման համար, նկատի ունենալով, անշուշտ, թե՛ մարդկային, եւ թե՛ նյութա-տնտեսական ռեսուրսները։ Դրդապատճառների վերաբերյալ, ինչ որ պետք էր, արդեն ասվեց։ Իսկ ռեսուրսների մասին ավելորդ է խոսել, որովհետեւ քանի խոսքը վերաբերում է հաջողված փորձերին, նշանակում է, դրա համար անհրաժեշտ ռեսուրսները լիուլի բավարարել են։
