«Եվրոբանկն արդեն բացահայտորեն խրախուսում է կոռուպցիան». Հրանտ Բագրատյան
Այսօր ԱԺ նիստում «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ վարկ վերցնելիս պետք է ունենալ քանակական ցուցանիշ, թե վարկն ինչ է բերելու, ինչ ժողովրդատնտեսական էֆեկտ է ստացվում, իսկ այս վարկն այդ հաշվարկը չունի: Հիշեցնենք, որ վերակառուցման և զարգացման միջազգային բանկը համայնքային մարզային ճանապարհների համար 25 տարով հատկացնում է 40 մլն դոլար վարկ՝ 190 կմ ճանապարհ վերակառուցելու համար: Ինչպես հայտարարեց՝ վերանորոգումները պարտավոր են ֆինանսավորել բյուջեից, չի կարելի 25 տարվա վարկը վերցնել վերանորոգման համար, որովհետև մինչև 25 տարին լրանա, այդ ճանապարհը 3 անգամ էլ կվերանորոգվի. «Եվ 25 տարի հետո, եթե Պողոս Պողոսյանն ուզենա անդրադառնալ, թե վարկն ինչպես է օգտագործվել, հնարավորություն չի ունենա ստուգելու»: Այնուհետև Բագրատյանը դժգոհեց Եվրոբանկի աշխատանքից. «Կարծում եմ՝ նրանք արդեն բացահայտորեն խրախուսում են կոռուպցիան ամենուրեք, նրանց վարկավորման մեխանիզմները թույլ են, անպիտան, և ես ուշադրությունը հրավիրում եմ նաև Երևանում գտնվող եվրոպական դեսպաններին, թե ի՞նչ եք անում, անընդհատ պայքարում եք կոռուպցիայի դեմ, և ձեր վարկային մեխանիզմները և այլն անդուր են ինձ համար: Անդուր է նաև, որ Եվրոբանկը, ավելին՝ ՀԲ ֆինանսական կորպորացիան, անսալով ԿԲ կապիտալը բարձրացնելու սխալ որոշմանը, իրենք մասնակցում են սրան: Ինչի՞ են մասնակցում, չես հասկանում: Մասնակցում են մի գործընթացի, որի արդյունքում վարկերը Հայաստանում թանկանում են, գալիս են, փայ են մտնում բանկերի մեջ»:
