«Չարազեղենի» որոշ տեսակների գներ արդեն աստղաբաշխական են
Ամեն տարի ամանորյա գնումներից մեր հանրությունը ընկնում է ցնցումների մեջ: Այդ ցնցումները ուղիղ համեմատական են գների ցնցումներին: Իսկ գների ցնցումները, իրենց հերթին պայմանավորված են Ամանորը հնարավորինս ճոխ նշելու՝ հանրության ցանկություններով: «Հայկական ժամանակ»-ը գրել է, որ «չարազեղենի» որոշ տեսակների գներ արդեն աստղաբաշխական են՝ 10-12 հազար դրամ: Որքան աճում է պահանջարկը, այդքան աճում են նաև գները: «Թերևս չափազանցրած չենք լինի, եթե պնդենք, որ Ամանորը գերճոխ ուտեստներով սեղանի շուրջ նշելու հայկական ավանդույթը անցնում է տրամաբանական սահամները, և թող կոպիտ չհնչի, բայց դա սահմանակցում է համընդհանուր հիստերիայի կամ զանգվածին հոգեխանգարմունքի հետ: Եթե «տեսակավորենք» մեր ամանորյա ծեսերը, ապա կնկատենք,որ ծախսերի հիմնական մասը մենք ուղղում ենք ուտելիքներին, որի մի զգալի մասը հետագայում պարզապես թափում ենք: Թե ինչպես կարելի է հաղթահարել ուտելիքը կուռք դարձնելու այս համատարած սովորությունը, անկեղծ ասած, ոչ ոք չգիտի: Ու քանի դեռ դա չի հաղթահարվել, Ամանորը տոն լինելու փոխարեն լինելու է համընդհանուր ցնցումների խորհրդանիշ», - մեկնաբանել է թերթը:
