Համաշխարհային բանկը կաջակցի սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանը
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դեկտեմբերի 16-ին ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին օտարերկրյա ներդրումների խթանման պատասխանատու Ռոբերտո Էչանդին, մասնավոր հատվածի պատասխանատու Կարեն Գրիգորյանը, աշխատակիցներ Ալեքսան Հովհաննիսյանը, Արսեն Նազարյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով հյուրերին՝ կարևորեց կազմակերպության արդյունավետ գործունեությունը, Հայաստանում ներդրումները խթանելուն միտված ճկուն քաղաքականությունը։ Նախարարը ներկայացրեց սիրիահայերի հետ տարվող աշխատանքի առանձնահատկությունները, փորձը և արդյունքները: Նա մասնավորապես նշեց, որ միջազգային ասպարեզում պետք է բարձրաձայնել կատարած հսկայական աշխատանքի մասին, ներկայացնել Հայաստանի փորձը՝ որպես փախստականներ ընդունող երկրի օրինակելի մոդել. «Մեկ շնչին ընկնող փախստականների թվով Եվրոպայում՝ Գերմանիայից հետո, Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցնում: Իսկ միջազգային կառույցների տրամադրած գումարը՝ մեկ շնչին՝ տարեկան 60 դոլար, նվազագույնից 6 անգամ պակաս է»: Նախարարը անդրադարձավ նաև սիրիահայե րի զբաղվածության, մասնագիտական վերապատրաստման և բնակարանային խնդիրներին: Ռոբերտո Էչանդին պատրաստակամություն հայտնեց համագործակցել նախարարության հետ՝ սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանն աջակցելու և այլ ոլորտներում: Նա շեշտեց, որ կազմակերպությունը նպատակ ունի իրականացնել նոր գաղափարներ, առավել բարձրարժեք ներդրումներ ներգրավել Հայաստան:
