Հալեպը փրկվեց, բայց կրակը Թուրքիային է այրելու. Վեջիհ Ջյուզդան
Թուրքական Sendika.org կայքում հրապարակվել է Թուրքիայի հետագա կյանքի և Հալեօի ազատագրման մասին հոդված: Հոդվածի հեղինակը Վեջիհ Ջյուզդանն է, ով հոդվածը վերնագրել է այսպես՝ Հալեպը փրկվեց, բայց կրակը Թուրքիային է այրելու: Նա մանրամասներ է ներկայացնում Հալեպի ազատագրման և դրա շուրջ Թուրքիայում առաջացած հիստերիայի մասին: Ինչպես գրել է՝ Սիրիայի երկրորդ ամենամեծ քաղաքի ազատագրումը նշանակում է ամբողջ սիրիացի ժողովրդի փրկությունը՝ աշխարհի չորս կողմը սփռված հալեպցիների գլխավորությամբ, և խորհրդանշում ջիհադականներին պարտությունը: Ըստ սյունակագրի՝ Հալեպի ազատագրումից ի վեր համացանցը ողողվել է քաղաքի բնակիչների ուրախությամբ ու 5 տարվա արյունալի կռվից հետո Հալեպում խաղաղության հաստատումը փաստող տեսանյութերով, թուրքական ԶԼՄ-ներն ու բարձրաստիճան պաշտոնյաներն անդադար հանդես են գալիս Հալեպը «փրկելու» կոչերով և ոչ մի կերպ չեն հաշտվում Ասադի բանակի տարած հաղթանակի հետ: «Ի վերջո սիրիական բանակը, 2016թ.-ի դեկտեմբերին կարողացավ վերահսկողություն սահմանել ամբողջ Հալեպի վրա, որը ջիհադականների ձեռքում էր գտնվում 2012թ.-ից ի վեր: Ամբողջ այս ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու իր «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, շահարկելով Հալեպում ամենաքիչը 1 միլիոն խաղաղ բնակչի գտնվելն ու ամեն պահի նրանց՝ որպես պատերազմի փախստականներ Թուրքիայի սահմանի մոտ կուտակումներ գոյացնելու վտանգը, կարողանում էր միգրացիոն ճգնաժամի հարցով հաղթաթուղթն իր ձեռքին պահել: Հաեպից գրոհայինների մաքրումն էլ ավելի խորացրեց «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման և Թուրքիայի կողմից ղեկավարվող «Եփրատի Վահան» գործողությանը մասնակցող ջիհադականների միջև եղած տարածքային անդունդը: Մինչդեռ Թուրքիայի համար իրական վտանգը Հաթայ-Քիլիս-Անյթապ երթուղով վրայով ձգվող ահաբեկչական գիծն է լինելու: Թուրքիան որոշի այս խմբավորումներին իր սահմաններից ներս թողնել՝ Թուրքիան կանգնելու է մի մեծ վտագի առջև: Կարճ ժամկետներում դա կարող է պատճառ դառնալ Թուրքիայի տարածքում այս խմբավորումների միջև բախումների, իսկ ավելի լայն ժամանակահատվածում դա կարող է լինել Թուրքիայի՝ «Ջեմհաթ ան Նուսրայի» կողմից թիրախավորվելու կամ Թուրքիայում Լիբանանի օրինակով քաղաքացիական պատերազմի սկզբի պատճառ», գրել է նա:
