Դեղերի հատով վաճառքի սահմանափակում չկա.Սերգեյ Խաչատրյան
««Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքում տեղ գտած ցանկացած դրույթ հիմնված է դեղերի որակի, անվտանգության և արդյունավետության սկզբունքների վրա։ Սրան գումարում ենք նաև կարգավորումների միջոցով դեղերի մատչելիության ապահովման պետության պարտավորվածությունը։ Մատչելիություն ասելով՝ հասկանում ենք ինչպես՝ ֆիզիկական, այնպես էլ՝ ֆինանսական մատչելիություն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: Հտակ սահմանվել են 10 չափորոշիչները, որոնցով դեղը դասվում է դեղատոմսով դուրս գրվող դեղերի շարքին,ասաց փոխնախարաարը և հավելեց,որ այս ճանապարհով լուծվում են մի շարք խնդիրներ, որոնք առկա են համակարգում, այդ թվում՝ հիվանդների ուղղորդումը դեղատներ, առանձին ընկերությունների դեղեր։ «Մարդը չի կարող գնալ դեղատուն, դեղատան վաճառողին պարզապես հարցնել, թե ինչ դեղ օգտագործի իր հիվանդության բուժման համար։ Դա ինքնաբուժում է։ Այն շատ ծանր հետևանքներ է ունենում առաջին հերթին՝ մարդու համար, որովհետև սխալ ինքնաբուժման պատճառով հիվանդությունները խորանում են, դառնում ավելի մեծ բեռ և՛ իր, և՛ իր ընտանիքի, և՛ հասարակության համար։ Հետագայում դա բեռ է դառնում նաև պետության համար, երբ ինքնաբուժմամբ զբաղվող մարդուն հիվանդանոցային պայմաններում բուժելու համար ավելի շատ գումար եք ծախսում»,- ասաց նա։ Ըստ նրա՝ դեղատոմսի ձևը հաստատվելու է առողջապահության նախարարի հրամանով։ Նախարարի տեղակալը նշեց նաև, որ «Դեղերի մասին» օրենքը չի պարունակում գոնե մի կետ, որը կարող է հանգեցնել դեղերի գների բարձրացման։
