Հայ մասնագետները ստեղծում են բանակի համար խիստ անհրաժեշտ ռազմական սարքավորումներ
Ապրիլյան ռազմական գործողություններից հետո հայկական բանակի ռազմական պատրաստվածությունն առաջնային խնդիր է դարձել։ Թերությունները, ռազմական գործի պատասխանատուների պնդմամբ, շտկվում են։ Այս համատեքստում ուշագրավ է նաև կառավարությունում տեղի ունեցած նիստը, որի ընթացքում քննարկվել են նորագույն տեխնոլոգիաների ներմուծմանն առնչվող հարցեր: Քաղաքական գործիչները բազմիցս անդրադարձել են սահմանային գոտում գիշերային համապատասխան սարքավորումների տեղադրման խնդրին, որոնց բացակայության պատճառով մեր զինվորները գիշերային ժամերին թշնամու քայլերը չեն կարողանում տեսնել։ «Իրատես»-ի տեղեկություններով՝ սահմանի ողջ երկայնքն ապահովվել է հայ մասնագետների ստեղծած այդ սարքերով։ «Ի դեպ, սա միակ ձեռքբերումը չէ. մեր մասնագետների ուժերով այսօր ստեղծվում են բանակի համար խիստ անհրաժեշտ ռազմական սարքավորումներ, որոնք վաղուց պետք է լինեին, սակայն ոլորտի պատասխանատուների հանցավոր անտարբերության պատճառով այդ հրատապ գործը մնացել էր բարձիթողի վիճակում», - գրել է թերթը:
