Պարտաճանաչ, ազնիվ նախարար էր.Գործընկերները՝ Արմեն Երիցյանի մասին
Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում այսօր՝ դեկտեմբերի 15-ին, տեղի ունեցավ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հոգեհանգստի արարողությունը։ Արմեն Երիցյանին հրաժեշտ տվեցին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ներկա ու նախկին կառավարությունների անդամները, ինչպես ներկա, այնպես էլ նախկին պաշտոնյաներ ու ընդդիմադիր գործիչներ։ Ներկա էին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության նախագահ Սասուն Միքայելյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և ուրիշներ, ԱԻՆ ողջ անձնակազմը։ Լրագրողների հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Արմեն Երիցյանն այն պրոֆեսիոնալ մասնագետներից էր, որի կատարած աշխատանքը նվիրված է եղել հայրենի պետականության ամրապնդմանը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարծիքով Արմեն Երիցյան նախարարը «ժողովրդի հիշողության մեջ նա կմնա միշտ պայծառ, իրատեսական»: Իր ասածի խոսքի տեր... Հատկապես այս վերջին աշխատանքում լրիվ ապացուցեց, որ կկարողանա ստեղծել այնպիսի կազմակերպություն, որը հնարավորինս կաջակցի ժողովրդին։ Ես կարծում եմ, որ ժողովրդի հիշողության մեջ նա կմնա միշտ պայծառ,ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը դեռևս ոստիկանության համակարգում աշխատանքից է ճանաչում Արմեն Երիցյանին. «Պետական, ազգային գործիչ կարելի է համարել Արմեն Երիցյանին, որովհետև մեր պետության առաջին շարքերում կանգնած անձնավորություններից է եղել, ու իր աշխատանքը անթերի կատարել ա»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ նշեց, որ բոլորի հիշողություններում Արմեն Երիցյանը կմնա որպես իսկական պետական գործիչ եւ սպա: «Պատիվ եմ ունեցել վերջին տարիներին ընկերություն անել հետը, ինքն իմ ավագ ընկերն է եղել, շատ պայծառ անձնավորություն: Նա ում հետ որ աշխատեց, միայն թողեց արժանապատվության հիշողություն եւ չկա մարդ, որը ճանաչի, շփվի Արմեն Երիցյանի հետ եւ հիացական խոսքեր չասի»,-ասաց նա:
