Դատավոր Իշխան Բարսեղյանին բարոյական ճնշման են ենթարկում
Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց նույն դատարանի արդեն նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից կաշառք վերցնելու վերաբերյալ դատական առաջին նիստը: Իշխան Բարսեղյանը դատարանի դահլիճ բերվեց ոստիկանների ուղեկցությամբ:Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1999թ. զբաղեցնելով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք: Դատարանում էր նաեւ մեղադրյալի աթոռին հայտնված դատավորի քեռին՝ Ժորա Սարբազյանը, որը լրագրողների հետ զրույցում պնդեց, որ Իշխան Բարսեղյանի «գլխին սարքել» են եւ որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Դատական նիստի ավարտից հետո էլ լրագրողների հետ զրուցում Վարդուհի Էլբակյանն ասաց, որ քրեական գործով նախաքննությունը տևել է 11 օր։ «Ես 17 տարվա փաստաբան եմ, և առաջին անգամ եմ հանդիպում դեպք, այն էլ՝ նման մեղադրանքներով, որ 11 օրում նախաքննությունն ավարտվի»,- նշեց նա: Այնուհետև ասաց, որ բարոյական խնդիր է տեսնում, որ քրեական գործը քննվում է այն դատարանում, որտեղ Իշխան Բարսեղյանը դատավոր է աշխատել: Նրա խոսքով՝ դատական նիստը կարող էր այլ վայրում անցկացվել կամ այլ դատարանից դատավոր գործուղվեր։
