Նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի արարողակարգային ծախսերը նոր օրենքով կդառնան պետական գաղտնիք
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է գնումների մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ հիմնական առաջարկներն ընդունվել են. «Կարծում եմ՝ այդ առաջարկները բավական կարևոր էին։ Այս օրենքը խորքային փոփոխություններ է նախատեսելու այս դաշտում, և կարծում եմ՝ էապես բարելավելու է գնման գործընթացը»։ Ինչպես ասաց՝ պետական գաղտնիք պարունակող գնումների ցանկում ներառվելու են պետական երեք պաշտոնների՝ նախագահ, ԱԺ նախագահի և վարչապետի համար արարողակարգային ծախսերը: «Այս ծախսերը պետք է ևս պետական գաղտնիք լինեն և ներառվեն պետական գնումների ցանկում: Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը և հասկացել, որ իմաստը կայանում է նրանում, որ դա անվտանգության կարևորագույն նորմ է, ու կարծում ենք, որ ճիշտ է դա»,- ասաց նա:
