Որքան մեքենա է կուտակված Լարսի անցակետում. մանրամասներ է հայտնում նախարարը
ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ասաց, որ Լարսի անցակետն այս պահին փակ է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար։ Ինչպես նշեց՝ երեկ և առաջին օրը եղել են անցակետում, իրենց աչքով տեսել, թե ինչ առատ ձյուն է տեղում: «Վրացի գործընկերները բոլոր տեխնիկական միջոցները ներդրել են, որպեսզի շատ արագ լուծում տան այդ հարցին», - փաստեց Վահան Մարտիրոսյանը: Սակայն դժվարացավ նշել, թե երբ կբացվի անցակետը, սակայն նշեց, որ աշխատանքները տարվում են, եթե ձյունը մի փոքր թուլանա՝ մի քանի ժամվա ընթացքում կբացվի։ Նախարարի խոսքով՝ անցակետում Ռուսաստանի կողմից կուտակված է մոտ 700 մեքենա, որից մոտ 400-ը հայաստանյան մեքենաներ են, դրանք հիմնականում բեռնատար են, քանի որ մարդատար մեքենաների համար ժամանակ առ ժամանակ բացվում է ճանապարհը: «Փորձում ենք այլընտրանքային ճանապարհներ գտնել, կան հուսադրող ձեռքբերումներ, բայց դեռ վերջնական չեն»։ Նախարարի խոսքով՝ Վրաստանի կողմում խնդիրներն ավելի քիչ են, որովհետև այնտեղ մեքենաները տեղ-տեղ են կանգնած, և ավելի քիչ է կուտակումների չափը. տարածքում կան նաև սննդի օբյեկտներ, վարորդները կարողանում են սնվել:
