«Փոքր Մհեր» կրթահամալիրը կտեղափոխվի ՊՆ ենթակայության տակ. առաջարկ Վիգեն Սարգսյանից
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը Կրթության և գիտության և Պաշտպանության նախարարներին հանձնարարեց երկօրյա ժամկետում ավարտել և ամփոփել Փոքր Մհեր կրթահամալիրում ԿԳ և Պաշտպանության նախարարությունների համատեղ հանձնաժողովների կողմից իրականցվող ուսումնասիրությունները և եռօրյա ժամկետում ներկայացնել համապատասխան առաջարկություններ:Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ արդեն աշխատում են այդ ուղղությամբ: «Գաղափարն այն է, որ «Փոքր Մհեր» ավագ դպրոցը տեղափոխվի ՊՆ կառավարման ոլորտ և միավորվի «Մոնթե Մելքոնյան» վարժարանին: Դա ռազմական կրթության որակի կտրուկ բարձրացման ծրագրի շարունակությունն է»,- ասաց նա: Վարչապետն այլ հանձնարարականներ էլ տվեց կրթության ոլորտի վերաբերյալ: Նա նշեց, որ վերջին ժամանակահատվածում Կրթության պետական տեսչության կողմից հանրապետության հանրակրթական հաստատություններում իրականացվել են ուսումնասիրություններ, որի արդյունքում բացահայտվել են բազմաթիվ խախտումներ ու թերություններ: Դրանք վերացնելու ուղղությամբ տեսչության կողմից տրվել են մի շարք առաջարկություներ և հանձնարարականներ:
