«Գործ տվող». Առաքել Մովսիսյանը ՝ Թևան Պողոսյանին
Այսօր Ազգային ժողովի նիստում մինչ քվեարկությանն անցնելը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը խնդրեց ԱԺ նախագահությանը ՝ վերականգնել պատգամավորների գրանցման սխեման ՝ նշելով, որ մարդիկ կան, ովքեր ԱԺ-ում չլինելով գրանցված են: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ միայն քվեարկությունից հետո կարելի է ստանալ այդ սխեման և հարցը դրեց քվեարկության: Սակայն Հանրապետական խմբակցության պատգամավորները կրկին գրանցվեցին ու քվեարկեցին իրենց բացակա գործընկերների փոխարեն։ Օրինակ, իրենց սովորության համաձայն իրենց կողքը նստող, բայց այդ պահին դահլիճում չգտնվող պատգամավորների փոխարեն քվեարկեցին Առաքել Մովսիսյանը, Մուրադ Մուրադյանը քվեարկեց Սպարտակ Մելիքյանի ու Սեյրան Սարոյանի փոխարեն։ Այլ գործընկերների փոխարեն քվեարկեց նաեւ Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը։ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը քվեարկություններից հետո կրկին պահանջեց ներկայացնել գրանցման պատկերը և նշեց, որ վերջին շարքում, որտեղ, թեպետ, ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի կողքի նստող պատգամավոր Ռուբեն Սադոյանը չկար, բայց նրա փոխարեն կողմ քվեարկություն էր գրանցվել: Նեղսրտած Շմայսը տեղից բացականչեց՝ «փաստորեն գործ տվող կաշխատես», որին Թ. Պողոսյանն արձագանքեց. «Եթե հանուն իմ ազգի, ազնվության ու օրենքի կարելի է գործ տվող համարվել, թող տենց էլ լինի։ Պատկերը հետ վերադարձնենք, նոր քվեարկենք»։
