Կարծիքներ՝ ԱՄՆ-ի հաջորդ պետքարտուղարի թեկնածության շուրջ (տեսանյութ)
Ամերիկայի Ձայն Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը ExxonMobil ընկերության ղեկավար Ռեքս Թայլերսոնին բնորոշել է որպես պետքարտուղարի պաշտոնի համար «փայլուն թեկնածու»: Կարծիք, որի հետ համամիտ է նաեւ վերլուծաբանների մի մասը. «Նա կառավարման փայլուն փորձ ունի, ինչն օգտակար է։ Սակայն նա չունի բավարար քաղաքական փորձ», – նշում է Ջորջթաունի համալսարանի դասախոս, դեսպան Բարբարա Բոդայնը: Թայլերսոնի նախկին գործընկերներն արդեն իսկ աջակցել են նրա թեկնածությունը. «Նավթի, աշխարհաքաղաքականության ու դիվանագիտության միջեւ նուրբ սահման է անցնում», – նշել է Նավթ արտահանող երկրների կազմակերպության գլխավոր քարտուղար Մոհամադ Բարքինդոն: Ռեքս Թայլերսոնին հենց այս սահմանով է անհրաժեշտ զգուշորեն անցնել՝ Սենատում հաստատվելու համար: «Թե՛ հանրապետականները, թե՛ դեմոկրատները հարցեր ունեն Թայլերսոնին շահերի բախման հետ կապված, Վլադիմիր Պուտինի հետ նրա երկարատեւ ու սերտ հարաբերությունների եւ Ամերիկայի շահերը պաշտպանելու ունակության վերաբերյալ», – նշում է Դելավեր նահանգի սենատոր դեմոկրատ Քրիս Քունսը: Ռեքս Թայլերսոնը դեմ էր արտահայտվել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին որոշմանը, քանի որ դրանք վնաս էին հասցնում ExxonMobil ընկերությանը, հիշեցնում են փորձագետները: «Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու ճանապարհին մարդկանց կողմից նկատվող նեղ անձնական որեւէ շահ, կարող է լուրջ խնդիրներ հարուցել», – նշում է Ամերիկյան համալսարանի վերլուծաբան Ջեյմս Գոլդգեյերը: Միացյալ Նահանգների գործող արտգործնախարար Ջոն Քերրին արդեն իսկ շնորհավորել է Թայլերսոնին, եւ լիարժեք աջակցություն խոստացել անցումային շրջանում:
