Ապարանում 8 տոննա անանասով բարձված բեռնատարը կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։30-07։00-ն ընկած ժամանակահատվածում բեռնատար Mercedes մակնիշի DHԼ 759 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում՝ Ապարանի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 46-ամյա Զաալ Կապանաձեն է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Քոչարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ապարանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Էդգար Ավդալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բեռնատարը բարձված է եղել 8 տոննա անանասով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
