Վարդան Օսկանյանի, Ռաֆֆի Հովհաննիսյանի և Սեյրան Օհանյանի միջև շփումներ
Հայաստանի նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը Ազատություն TV-ի հետ զրույցում ասել է, որ տարբեր քաղաքական ուժերի հետ շփումների մեջ է հնարավոր նախընտրական դաշինքներ կազմելու շուրջ, սակայն եթե կուսակցությանը չհաջողվի որևէ ուժի կամ ուժերի հետ միասնաբար գնալ 2017-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ապա «Համախմբումը» միայնակ կմասնակցի և ինքը կգլխավորի կուսակցության ցուցակը: Պատասխանելով Ազատության Ռուզաննա Ստեփանյանի հարցին, որ որոշակի տեղեկությունների համաձայն «Ձեզ կարող ենք տեսնել Սեյրան Օհանյան-Ռաֆֆի Հովհաննիսյան հնարավոր դաշինքում, Դուք հնարավոր համարում ե՞ք այս անձանց հետ Ձեր համագործակցությունը», Օսկանյանը ասել է. «Ես չգիտեմ Օհանյանը ինչպիսի որոշում կկայացնի, կմտնի այս գործընթացների մեջ, թե՝ ոչ։ Հովհաննիսյանի հետ ես հանդիպել եմ, նորից կհանդիպեմ, որոշ քննարկումներ մենք ծավալում ենք։ Օհանյանի հանդեպ մեծ հարգանք ունեմ, մենք միասին աշխատել ենք, շատ դրական եմ վերաբերում, եթե ինքը որոշի մտնել քաղաքականություն և մասնակցի հաջորդ խորհրդարանական ընտրություններին»։ Օսկանյանը ասել է, որ հանդիպել է Սեյրան Օհանյանի հետ, բայց նա դեռ իր վերջնական որոշումը չի կայացրել: «Ես Օհանյանի հետ համագործակցությունը տեսնում եմ, և կարծում եմ, որ եթե իրոք այդ եռյակը, որ դուք թվարկեցիք, իրոք դաշինք ստեղծվի, կարծում եմ, որ դա բավական լավ դաշինք կլինի»:
