Ռոստոմյանը Գագիկ Ծառուկյանին հետ իր հարաբերությունների մասին
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում նախ ցավակցական խոսք հղեց ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ. «Ցավով տեղեկացա ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանի մահվան մասին, ով նաև դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահն էր: Մեր ավագ ընկերոջ հետ աշխատել ենք երկար տարիներ: Իմ և մարզաշխարհի անունից ցավակցություն եմ հայտնում իր ընտանիքին և հարազատներին»: Այնուհետև անդրադառնալով ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին հետ իր հարաբերություններին, նրա՝ քաղաքական դաշտ վերադառնալուն, ասաց, որ ինքը երբևէ քաղաքական հարց չի քննարկել Գագիկ Ծառուկյանի հետ և չցանկացավ մեկնաբանել քաղաքականությանը վերաբերվող հարցերին. «Մեր հանդիպումների ընթացքում եղել են սպորտային հարցերին վերաբերող քննարկումներ»։ Անդրարդառնալով առաջիկա ծրագրերին Ռոստոմյանը նշեց. «Սպորտի նախարարությունն ունի մի քանի կարևորագույն ուղղություններ. մասսայական սպորտը, մարզական կազմակերպություններ և մանկապատանեկան սպորտ, սպորտի բարձրագույն նվաճումներ: Այս օրերի ընթացքում մեզ մոտ կարևորագույն խնդիրներ են ի հայտ եկել: Առաջինը կայանում է նրանում, որ մեծ խնդիրներ ունենք մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի հետ: Մարդիկ հիմա շատ քիչ են զբաղվում սպորտով և դա ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Այդ պատճառով կառավարության հաջորդ տարվա ծրագրի մեջ ներառել ենք 5 ծրագիր, որոնք վստահ ենք, որ կխթանեն մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի զարգացմանը»:
