«Սարսափելի էր, որ մի խումբ հայ մարդիկ են հավաքված ու այդ աստիճան սարսափ է տիրում». Պարույր Հայրիկյան
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նշեց, որ երկիրն ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար անհրաժեշտ է ապրիլյան Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ դաշինք ձեւավորել, սակայն ոչ թե խորհրդարանում «ողորմելի» ներկայություն ապահովելու, այլ կայուն մեծամասնություն ունենալու նպատակով: Ինչպես տեղեկացրեց առաջարկով դիմել է գործող կուսակցություններին, սակայն դեռեւս արձագանք չի ստացել: Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունների ստեղծած դաշինքին, Հայրիկյանը նշեց. «Ուրախալի է, որ ինչ-որ ուժեր միավորվում են, բայց իրավունք ունեմ վերապահությամբ վերաբերվել որեւէ Դաշինքի , որի անդամներից որեւէ մեկը չի արձագանքել մեր՝ Դաշինք ստեղծելու առաջարկին, նշանակում է, որ նրանք կամ KGB-ի կամ Սերժ Սարգսյանի մարդիկ են կամ էլ ունեն հետին ստոր նկրտումներ: Որեւէ տեղ չեմ կարդացել, որ Դաշինքը հայտարարի, որ ինքը բաց է: Հրատապ Դաշինք է պետք ստեղծել, ոչ թե խորհրդարանում կայուն ողորմելի ներկայացված ընդդիմություն լինելու համար, ինչպես իրենք են ասում, որովհետեւ դա ի սկզբանե ցույց է տալիս նրանց ողորմելիությունը ու չի կարելի այդպես գնալ ընտրությունների, այլ Դաշինք, որը կլինի մեծամասնություն»: Եթե մինչեւ դեկտեմբեր որեւէ ուժ չարձագանքի դաշինք ձեւավորելու իր առաջարկին, ապա իրենք ժողովրդավարական դաշինքի փոխարեն կստեղծեն «Ժողովրդավարական Հայաստան» միավորում, որի կազմում կընդգրկվեն մտավորականներ եւ պարզապես ՀՀ քաղաքացիներ: Անդրադառնալով ՀՀԿ համագումարին, պարոն Հայրիկյանն ասաց. «Սարսափելի էր, որ մի խումբ հայ մարդիկ են հավաքված ու այդ աստիճան սարսափ է տիրում: Միայն Հյուսիսային Կորեայում են մարդուն ընտրում բաց քվեարկությամբ: Երբ մարդու օգտին քվեարկություն է կատարվում, պարտադիր պայման է, որ այն պետք է լինի փակ, բացի դա, եթե մեկ թեկնածու է, դու ընդամենը հաստատում ես: Դա պետք է ահազանգ գրանցվեր»: Սոնա Դավթյան
