Երբ ունեցվածքը գրանցում են զոքանչի անունով. ի՞նչ անել այս դեպքում
Ինչպես արդեն հայտնել ենք ժողովում քննարկվում է «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի կարևորագույն կետը ապօրինի հարստացումը քրեականացնելն է: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, հարց ուղղելով Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, նշեց, որ այսօր շատ պաշտոնյաներ ավելի շատ ունեցվածք, քան հայտարարագրել են. «Եթե իքս պաշտոնյան ունի վեց տուն, մի քսանհինգ մեքենա, որոնք գրանցել է զոքանչի, մորաքրոջ տղայի, իր քեռու որդու, հարևանի տղու, մերձավոր- բարեկամների անունով: Դե ֆակտո միգուցե գիտեն, որ դրանք իրենն է, բայց դե յուրե իրենը չէ: Ինչ ենք անելու այդ դեպքում»: «Փոխկապակցված մարդկանց շրջանակը, ում անունով կարող է պաշտոնյան իր ունեցվածքը ձևակերպել, մինչև վերջ պարզել հնարավոր չէ: Չկա որևէ երկիր, որ գնացել է այդ քայլին: Միակ երկիրը, որ դա արել է ու հետո հրաժարվել, Ռումինիան էր, և հրաժարվեց այդ քայլից: Ռումինիայում ամբողջ համակարգը կաթվածահար վիճակում հայտնվեց, ունենում էին միլիոնավոր հայտարագրեր, բայց ոչ պատշաճ գործիքներ դա ստուգելու: Վարույթն իրականացնող մարմինը այդ գործի շրջանակներում կարող է ու անդրադարձ կկատարի՝ արդյոք դե ֆակտո այդ գույքի տերը պաշտոնատար անձն է՞, թե՞ նա, ով սեփականատերն է»,- ասաց նախարարը: Նախարարի խոսքով՝ ապօրինի հարստացումը համարվում է վտանգավոր գործիք հետապնդման տեսակետից. «Եթե արհեստական ձևով ես սեղմում շրջանակը, ապա պաշտոնատար անձը գտնում է բազմաթիվ այլ տարբերակներ շրջանցելու: Ես կարծում եմ, որ էվոլյուցիոն ճանապարհով պետք է գնանք՝ մոդելի ընտրության շրջանակներում մենք պետք է շատ զգույշ լինենք: Այս նախագծով հարյուր տոկոսանոց ամեն ինչ հրաշալի չի լինի, սակայն կլինի 70-80 տոկոսանոց արդյունք»,- ասաց նա:
