«Մենք պետք է կարողանանք մշակույթի միջոցով մեր խնդիրներն առաջադրել, այլ ոչ թե Եվրախորհրդում ու այլուր գոռգոռոցներով». Միլիտոնյան
Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն այսօր Հայելի ակումբում տեղեկացրեց, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը մերժել է Ստեփանակերտում ակադեմիայի մասնաճյուղ բացելու մասին իր առաջարկը:«Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ ասացի այդ մասին, բայց նա ասաց, որ առայժմ սպասենք, դեռ ժամանակը չէ, ես հասկացա և ընդունեցի, բայց մենք նաև պայմանավորվեցինք, որ մեր ուսանողները հաճախ կայցելեն Արցախ, ցուցահանդեսներ կկազմակերպեն»,- ասաց նա: Ասուլիսի ներկա՝ ՀՀ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ միությունը միակն է Հայաստանում, որի անդամները նաև արցախցի գրողներն են. «Արցախում հանդիպման ընթացքում ես ելույթ ունեցա՝ հայտնելով իմ մտահոգությունները: Արցախում հատկապես պատերազմից հետո լարվածության մակարդակը բարձր է, մարդիկ զգում են, որ պատերազմը հեռու չէ, այդ հոգեվիճակով են ապրում»,-ասաց Միլիտոնյանը: Ինչպես ասաց՝ Սփյուռքը տարբեր երկրների հոգեվիճակների մեջ է, և նրա հարաբերություններն Հայաստանի և Արցախի հետ դիտարկվում են Ցեղասպանության, քրիստոնեության և Արցախի խնդրի սյուների վրա: «Մենք պետք է կարողանանք մշակույթի միջոցով մեր խնդիրներն առաջադրել, այլ ոչ թե միայն քաղաքական, կամ Եվրախորհրդում ու այլուր գոռգոռոցներով»,- եզրափակեց նա:
