«Այս պարագայում լուծումը մեկն է». Արփինե Հովհաննիսյան
ԱԺ արտահերթ նիստում «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը, որը վերաբերում է ապօրինի հարստացմանը, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մանրամասնեց, որ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել այն դեպքերի համար, երբ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձի մոտ տեղի է ունեցել գույքի ավելացում կամ պարտավորությունների նվազում, որոնք էական չափով գերազանցում են նրա օրինական եկամուտները և որը ողջամտորեն չի հիմնավորվում այդ եկամուտներով, և եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող մյուս հանցագործությունների հատկանիշները բացակայում են:
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, հարց ուղղելով Արփինե Հովհաննիսյանին, նշեց, որ շատ պաշտոնյաների հայտարարագրերում նշված է, որ փոխառություն են արել կամ տոկոսով գումար տվել. «Սակայն բոլորս էլ գիտենք, որ ոչ մեկը ոչ մեկին փոխառություն չի տալիս»:
Ի պատասխան Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այս պարագայում լուծումը մեկն է՝ կանխիկի սահմանափակումը:
Ըստ նրա՝ այս տարբերակով հնարավոր է կանխել այդ ապօրինությունը:
