ԻՊ-ն լուրջ մարտահրավեր է մարդկությանը. ՌԴ
Իտալական «Լիմես» ամսագրին տված հարցազրույցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասել է,որ ԻՊ ահաբեկչական խմբավորումը լուրջ մարտահրավեր է նետել մարդկությանը, յուրաքանչյուր երկիր պետք է իր ներդրումն ունենա ահաբեկիչներին ոչնչացնելու հարցում,հարցազրույցից մի հատված փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ «Վերջին ժամանակաշրջանի իրադարձությունները, ներառյալ` ռուսական օդանավի, Ֆրանսիայում, Իրաքում, Թուրքիայում, Լիբանանում, Եգիպտոսում խաղաղ բնակիչների հանդեպ իրականացված ահաբեկչությունները, հաստատում են, որ ԻՊ-ը լուրջ մարտահրավեր է նետել մարդկությանը:Այդ համընդհանուր սպառնալիքին արդյունավետ հակազդելու համար անհրաժեշտ են միջազգային հանրության համերաշխ գործողությունները` «միջազգային իրավունքի հիման վրա»։ Յուրաքանչյուր պետություն պետք է իր ներդրումն անի ահաբեկիչներին ոչնչացնելու գործում, հաստատի իր համերաշխությունը կոնկրետ գործողություններով»,- նշել է Լավրովը: Նախարարը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջ է քաշել միասնական հակաահաբեկչական ճակատի ձևավորման նախաձեռնությունը` ՄԱԿ-ի հովանու ներքո։
