Արտակարգ իրավիճակ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. երկու դատապարտյալ է տուժել. «Ժողովուրդ»
Երեկ՝ ուշ երեկոյան, «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ ստացավ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արտակարգ վիճաբանություն է եղել: Մեր աղբյուրների փոխանցմամբ` ՔԿՀ 22 խցի երկու դատապարտյալ, ըստ նախնական տվյալների, դանակահարել են իրար: Երկուսի վիճակն էլ երեկ ծանր էր: Թե ինչն է եղել պատճառը, դեռևս պարզել չհաջողվեց: Երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում վաղ առավոտից տեսակցությունները ևս սահմանափակ են եղել: Շատերին, այդ թվում միջադեպի մասնակից դատապարտյալներին, ընդհանրապես արգելել են որևէ մեկի հետ խոսել: Ըստ երևույթին, ՔԿՀ-ում լարված մթնոլորտը վաղ առավոտից է տիրել, և օրն ավարտվել է դանակահարությամբ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ շտապ կանչով ՔԿՀ են ժամանել ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցները, որոնք կալանավայրերի նկատմամբ վերահսկողական գործառույթ ունեն, և իրավապահ այլ մարմինների ներկայացուցիչներ: Նրանք տեղում քննչական աշխատանքներ են իրականացրել: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից ի պատասխան մեր հարցի` ինչ է տեղի ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, ասացին. «Այո, հաստատում ենք, որ եղել է միջխցային միջադեպ։ Նյութեր են նախապատրաստվում։ Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»: Հիշեցնենք` վերջին օրերին ՀՀ տարբեր քրեակատարողական հիմնարկներում աղմկահարույց դեպքեր են բացահայտվում: Նախ քրեական գործեր հարուցվեցին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում մարմնավաճառներ մատակարարելու գործով: Կալանավորվեցին քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանը և պատասխանատու հերթապահ, արդարադատության փոխգնդապետ Խաչիկ Խաչատրյանը: Ապա հայտնի դարձավ, որ «Արթիկ» ՔԿՀ-ում Հովհաննես անունով դատապարտյալն է ինքնավնասում արել, մի քանի այլ դատապարտյալներ ծեծկռտուքի մեջ են հայտնվել և այլն:
