Նախարարը նորից «1000 դրամների» մասին
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս հասցնելու դեպքում փոխհատուցման մասին նախագծերի փաթեթը՝ երկրորդ ընթերցմամբ: Այս փաթեթում կատարված փոփոխություններով փաստացի ապահովվելու է «ՀՀ պաշտպանության ընթացքում զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրինագծով սահմանված պարտադիր բաղադրիչի իրագործումը: Այս նախագծով առաջարկվում է ամեն ամիս աշխատողների աշխատավարձերից պահում կատարել հազար դրամի չափով: Ինչպես ներկայացվեց՝ դրոշմանիշային վճարը նախատեսվում է որպես պետական բյուջեի եկամտի աղբյուր, հաջորդ փոփոխությունները նպատակ ունեն առավել ամրապնդելու 1000 դրամների համար հավաքվելիք հիմնադրամի գործունեությունը: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասաց, որ «Բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկվում է որպես պետական բյուջեի հարկային եկամուտների աղբյուր ներառել նաեւ դրոշմանիշային վճարները:
