Սուրենյանցը հացադուլ և ջրադուլ է հայտարարել
Արդեն երրորդ օրն է, ինչ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հացադուլ և ջրադուլ է հայտարարել։ Նա պնդում է, որ իր նկատմամբ գործել են ապօրինի։ Այս մասին «Հրապարակին» տեղեկացրել է Սուրենյանցի կինը՝ Արփին։ Սուրենյանցին կալանավորել են անցյալ տարի, դեկտեմբերի 22-ին, հենց դատարանի դահլիճից։ Նա մեկ միլիոն դրամ գրավ էր մուծել, որպեսզի ազատ արձակվի, սակայն Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը կալանավորելու որոշում էր կայացրել։ Սուրենյանցի հարազատներն այժմ չեն կարողանում հետ վերցնել գրավը, ինչն օրենքի պահանջն է, իսկ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը նրանց է հասել գրեթե մեկ ամիս ուշացումով՝ համառ ջանքերից հետո։ Սուրեն Սուրենյանցը բողոքարկել է կալանքը որպես խափանման միջոց գրավի փոխարեն կիրառելու մասին որոշումը ՀՀ վերաքննիչ դատարանում։ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտել է 4 տարվա ազատազրկման։ Արփին թերթի հետ զրույցում նշել է, որ Սուրեն Սուրենյանցը պատրաստ է վերադարձնել տուժողների գումարները։ Հիշեցնենք, որ Սուրեն Սուրենյանցին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ խարդախությամբ զգալի չափերի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ` իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար օգտագործելով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ազատամարտիկներին հատկացվող բնակարաններ ձեռք բերելու հարմար առիթը` բնակարան ձեռք բերելու գործընթացն արագացնելու ուղղությամբ սուտ խոստումներ է տվել Անուշ Աղաջանյանին և վերջինիս վստահությունը չարաշահելու եղանակով նրանից վերցրել է 30 հազար ՀՀ դրամ և 454 հազար 286 ՀՀ դրամին համարժեք 1.100 ԱՄՆ դոլար գումար ու այդ ուղղությամբ որևէ գործողություն չկատարելով` խաբեությամբ հափշտակել է զգալի չափերի` 484 հազար 286 ՀՀ դրամ գումար:
