«Հանգիստ թողեք գայլերին, սխալ ուղղությամբ եք աշխատում». բնապահպան
Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Թռչնասերների կենտրոն» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Սիլվա Ադամյանը ասաց, թե կարելի է վնաս չպատճառելով կենդանիներին՝ պայքարել նրանց հարձակումների դեմ: Կառավարության որոշմամբ՝ 2012 թվականից սկսած ամեն տարի 21 միլիոն դրամ գումար է տրամադրվում գայլերի որսին, սակայն ոչ մի կերպ գայլերի հարձակումները չեն մեղմացել դրանից:«2012թ. գայլերի ոչնչացման գործընթացը գնում է, և այն մտավախությունը, որն ունեին մեր խմբի անդամները, երբ ասում էինք՝ գայլերին սպանելով ու գայլերի համար գումար տալով՝ գյուղատնտեսության, ընտանի կենդանիների հետ կապված խնդիրը երբեք չի լուծվի: Ժամանակը ցույց տվեց, որ մենք իրավացի էինք, որովհետև ամեն անգամ մենք ստանում ենք ահազանգեր, որ գյուղական տնտեսությունների վրա գայլերի հարձակումները չեն նվազել, այլ հակառակը՝ ավելի են սաստկանում: Գայլը շատ խելացի կենդանի է, ու նրան որսալը հեշտ բան չէ»,- ասաց նա: Բնապահպան Կարինե Փանոսյանը նշեց, որ դիմել են Կառավարությանը, որպեսզի վերանայեն այդ որոշումը և գումարներն ուղղեն համայնքների անվտանգության ամրացմանը, ոչ թե գայլերի որսին։ Այնուհետև հավելեց, որ հավելեց, որ համաշխարհային փորձը ցույց է տալիս՝ գայլերի սպանդը բերում է մարդկային աղետների. «Այնտեղ, որտեղ վերացրել են գայլերին, խոտակեր կենդանիները կարողացել են այնպիսի ավերածություններ հասցնել բնությանը, որ անապատացել են այդ վայրերը: Հանգիստ թողեք գայլերին, հիմա Կառավարությունը սխալ ուղղությամբ է աշխատում»:
