Պետք է պայքարենք իշխող ուժից բխող վարակի պես տարածվող կեղծիքի և ստի դեմ. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների դաշինքի մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ նշեց, որ այսօր շատ կարևոր և պարտավորեցնող օր է. «Ավեի քան մեկ տարի առաջ, երբ ազդարարում էինք «Լուսավոր Հայաստանի» ստեղծման մասին և ազդարարում էինք մեր լուսավոր նպատակները, վստահ էինք, որ մեր երկրում բեկում մտցնելու, հաջողության հասնելու միակ գրավականը նույն տեսլականը կիսող գործիչների և ուժերի ջանքերի համադրման, միավորման մեջ է»։ «Մենք երբևէ չենք եղել ատելության և անտագոնիզմի քարոզիչ:Այս ընտրական գործընթացում, բացի մեր հիմնական գործառույթից՝ մեր քաղաքական ծրագրերի և նպատակների քարոզումից և տարածումից, որպես անքննելի և անբասիր ընդդիմադիրներ՝ բժշկի հոգատարությամբ պետք է պայքարենք իշխող ուժից բխող վարակի պես տարածվող կեղծիքի և ստի դեմ՝ մեր ընտրողին ցույց տալով, թե որտեղ է իր խնդիրների լուծման ուղին։ Եվրոպական մոդելի առաջադեմ, ժողովրդավար, մարդու իրավունքները և ազատությունները պաշտպանող երկրի կայացումը եղել և մնում է մեր հիմնական նպատակակետը։ Ջանք ու եռանդ չենք խնայելու, որ մեր պապերի երազած հայոց պետականությունը կարողանանք վերածել բարիքի՝ ոչ միայն Հայաստանում ապրողների, այլև համայն հայության համար»,- ասաց նա։
