«Մինչև այսօր ԱԺ-ում լրագրողներին միայն հայհոյում էին, հիմա արդեն անցանք այլ քայլերի». Գուրգեն Եղիազարյան
Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը և ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը դատապարտեցին խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանի և «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի միջև տեղի ունեցած միջադեպը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը դատապարտեց կատարվածը ու նշեց. «Ընդհանրապես ոչ միայն խորհրդարանում, այլև ընդհանրապես նորմալ մարդը երբեք նման վարքագիծ չպետք է դրսևորի: Ուսումնասիրությունը ցույց կտա, թե ով ինչքանով է մեղավոր, բայց երևույթը դատապարտելի է»: Գուրգեն Եղիազարյանը ևս նշեց, որ դատապարտում է բռնությունը՝ անհրաժեշտ համարելով հետաքննության անցկացումը. «Եթե լրագրողի հանդեպ նման քայլ է եղել, լրջագույնս դատապարտում եմ: Մինչև այսօր ԱԺ-ում լրագրողներին միայն հայհոյում էին, հիմա արդեն անցանք այլ քայլերի՞: Մարտի 1-ին բացարձակապես բոլոր ընդդիմադիր լրագրողները ծեծուջարդի ենթարկվեցին տեսախցիկների առաջ: Երբ թույլ ենք տալիս մտնել ԱԺ, գնդակահարել ութ հոգու, մենք ինչի՞ մասին ենք խոսում՝ մեկին ապտակ տալո՞ւ»: Ազատ Արշակյանը վստահեցրեց, որ չորրորդ իշխանության ներկայացուցիչները նույնքան պետք է պաշտպանված լինեն, որքան իշխանության մյուս ճյուղերի ներկայացուցիչները. «Խոսքի ազատությունը էապես կախված է լրագրողի ապահովությունից: Լրագրողը պետք է լինի մի քիչ ավելի պաշտպանված: Լրագրողի իրավունքն է անհարմար վիճակ ստեղծել քաղաքական, հասարակական գործչի համար, նա պետք է դրա համար պաշտպանված լինի»: Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ըստ լրագրողի պնդման՝ հարվածել էր իրեն:
