Արցախը պետք է Հայաստանի միջոցով վերադառնա բանակցային դաշտ.Ազատ Արշակյան
ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ,որ Հայաստանը պետք է տեր կանգնի Արցախին, ինքը պետք է անվտանգության պատասխանատուն լինի: Հայաստանը պետք է Ղարաբաղն իր անբաժանելի մասը ճանաչի ու ինքն էլ տեր կանգնի: «Ապրիլյան պատերազմի ժամանակ ՀՀ նախագահը սպառնաց դրանով, ասաց, որ մենք դաշինք կկնքենք Ղարաբաղի հետ և մեզ կհայտարարենք նրա անվտանգության երաշխավորը: Ես կարծում եմ՝ Հայաստանն ավելի կպաշտպանի Արցախին, քան Արցախը՝ ինքն իրեն: Հայաստանը պատասխանատու է Արցախի անվտանգության համար»,- ասաց նա և հավելեց,որ Արցախը պետք է Հայաստանի միջոցով վերադառնա բանակցային դաշտ: «Արցախ-Հայաստան դաշինք պետք է կնքվի, այդ մանդատը պետք է Արցախը հանձնի Հայաստանին: Այլ ոչ թե հիմիկվա նման, որ ընկերական պայմանավորվել են վարագույրի հետևում:Հայկական կողմը պետք է նախահարձակ լինի, այլ ոչ թե պաշտպանվի:Նախահարձակ լինել՝ նշանակում է՝ ունենալ նախաձեռնողական քաղաքականություն։ Միակ բանը, որ Հայաստանն անում է, ասում է՝ մենք միշտ համաձայն ենք եղել բոլոր համաձայնագրերին, իսկ հակառակորդը` ոչ»»,-հավելեց բանախոսը:
